Պաշտոնյա. Կարեւոր է համաշխարհային հանրության տեղեկացվածությունը հայկական հուշարձանների ոչնչացման մասին
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում հայկական հուշարձանների ոչնչացման գործընթացի վրա առավել շոշափելի ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային հանրության իրազեկումը եւ դրա համապատասխան դիրքորոշման ձեւավորումը: Այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:
Նա պարզաբանեց, որ կարեւոր է բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունն այս խնդրի վերաբերյալ: Ըստ նրա՝ չափազանց դժվար է խոսել օրենքի եւ բարոյականության լեզվով մի երկրի իշխանությունների հետ, որոնք այսպես կոչված «Հաղթանակի պուրակ» են բացում՝ սաղավարտներով եւ զոհված հայ զինվորների մանեկեններով:«Նման պայմաններում փակուղին անխուսափելի է, իսկ երկխոսությունը ծայրաստիճան բարդ է, սակայն Հայաստանի իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ: Թշնամին չի զսպվում իրավական, բարոյական կամ քաղաքակրթական նորմերով, նա անտարբեր է համամարդկային արժեքների նկատմամբ»,- ասաց պաշտոնյան: