Լավրովը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի կազմակերպել Բայդենի և Պուտինի հանդիպումը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սկանդալային խոսքերին՝ գագաթնաժողով անցկացնելու միտքը Ռուսաստանում դրական արձագանք է ստացել:
«Գիտեք, թե ինչպես է նախագահ Պուտինն արձագանքել ԱՄՆ նախագահի՝ հանդիպում անցկացնելու առաջարկին. մենք դրական ենք ընդունել այն: Մենք ցանկանում ենք հասկանալ այդ նախաձեռնության բոլոր հայեցակետերը, որոնց ուսումնասիրությամբ ներկա պահին զբաղված ենք»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դրանից հետո պարզ կլինի հանդիպման անցկացման ժամկետը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտ երկու շաբաթ առաջ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որի ընթացքում առաջարկել է հանդիպել երրորդ երկրում: Մի քանի եվրոպական երկիր պատրաստակամություն է հայտնել՝ կազմակերպելու ղեկավարների գագաթնաժողովը: