Կյանքից հեռացել է Հայրապետ Մարգարյանը
ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորը ցավով տեղեկացա Հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, իմ սիրելի դասախոս Հայրապետ Մարգարյանի վաղաժամ մահվան մասին: Պարոն Մարգարյանը ոչ միայն բացառիկ վրացագետ էր, կովկասագետ, դասախոս, այլ նաև մարդ, ումից անվերջ կարելի էր սովորել: Պարոն Մարգարյանի ներդրումը իմ՝ որպես Ադրբեջանի հարցերով մասնագետի կայացման գործում հսկայական է եղել: Պարոն Մարգարյանի համառ ջանքների շնորհիվ ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց նաև Կովկասագիտության ամբիոնը, որտեղ ուսանողները հնարավորություն ունեցան սովորել վրացերեն և ադրբեջաներեն: Ուսանողներին իր խորհուրդներով ուղղորդելու և շարունակ մոտիվացնելու բացառիկ կարողություն ուներ...
Պարոն Մարգարյանը նաև ունիկալ վերաբերմունք ուներ կյանքի նկատմամբ: Ուսանողության տարիներին ամեն անգամ «ինչպե՞ս եք, պարոն Մարգարյան» հարցին ի պատասխան նշում էր՝ «կայտառ»: Հենց այդպիսին էլ նա կմնա իմ հուշերում...
Ուժ ու համբերություն Մարգարյանների ընտանիքին»: