Սիրիայի նախագահը համընդհանուր համաներման հրաման է արձակել
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կիրակի հրաման է արձակել երկրում համընդհանուր համաներման մասին: Ինրպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով սիրիացի առաջնորդի վարչակազմի թելեգրամյան պաշտոնական ալիքի հայտարարությանը, համաներումը վերաբերում է մինչև 2021 թվականի մայիսի 2-ը տեղի ունեցած հանցագործություններին:
Հրամանագրի համաձայն՝ համաներումը չի տարածվի այն կալանավորների վրա, որոնք դատապարտվել են զենքի ու պայթուցիկ նյութերի մաքսանենգության, լրտեսության և պետական դավաճանության համար:
Նախագահի հրամանագիրը որոշ դեպքերում ենթադրում է նաև պատժի մեղմացում: Օրինակ, մահապատժի մասին դատավճիռը կփոխարինվի ցմահ հարկադիր աշխատանքով: Իսկ նման աշխատանքների դատապարտվածների պատժի ժամկետը կկրճատվի մինչև 20 տարի:
Սիրիան պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք անցկացվելու են մայիսի 26-ին: Ընտրություններին մասնակցելու համար իրենց թեկնածություն են առաջադրել ավելի քան 50 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահը: