Չկա ոչ մի փաստաթուղթ, որում Հայաստանը կամ Ադրբեջանը պայմանավորվել են սահմանի բաժանման մասին․ Թաթոյան
ՀասարակությունՉկա ոչ մի փաստաթուղթ, որում Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ները, պայմանավորվել են սահմանի բաժանման մասին: Այս մասին Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ 1970-1980-ականների քարտեզները, որոնց անընդհատ հղում են անում Ադրբեջանում, միակողմանի ու ընտրովի մոտեցում է:
«Ինչու՞ այդ դեպքում մենք չենք նայում 1920-ականների քարտեզները, որտեղ, օրինակ, Ալ Լիճը գտնվել է Հայկական ԽՍՀՄ-ի կազմում, և Կապանի շրջանում ավելի շատ գյուղեր են ընդգրկված եղել»,- ասաց պաշտպանը:
Այսպես թե այնպես, ինչպես նշեց Թաթոյանը, խորհրդային տարիներին սահմանի բաժանումը երկու հանրապետությունների պայմանավորվածություն չէր, այլ խորհրդային ղեկավարության որոշում:
«Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունում գոյություն ուներ սահմանային վեճերի հանձնաժողով, բայց այն որոշիչ դեր չէր խաղում»,- հիշեցրեց իրավապաշտպանը: