Լավրովը հայտարարել է
Մոսկվան պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել և խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանազատման ու սահմանագծման համար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի մարզի իրավիճակի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այնտեղ ո՛չ մի կրակոց չի արձակվել, ո՛չ մի բախում չի եղել։ Նստել են, սկսել են հանգիստ պայմանավորվել, թե ինչպես լիցքաթափեն իրավիճակը։ Մեզ խնդրել են աջակցել, մեր զինվորականներն էլ աջակցություն են ցուցաբերել, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում այդ ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում զգացմունքները սրելու համար»,-ասել Է Լավրովը Սիերա Լեոնեի արտգործնախարար Դևիդ Ջոն Ֆրենսիսի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություններ է արել՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և սահմանազատման ու սահմանագծման բացակայությամբ։
«Ոչ ոք դրանով երբեք չի զբաղվել, և մենք կողմերին առաջարկել ենք, որ սկսեն այդ գործը, մենք պատրաստ ենք աջակցել՝ տրամադրելով և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ», - հավելել է ռուս նախարարը:
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։