«Կինը հայկական ընտանիքում եւ՛ մայր է, եւ՛ հենասյուն». Տիգրան Արզաքանցյան
ՔաղաքականությունՊարոն Արզաքանցյան, վերջին շրջանում մամուլում քննարկվում է Ձեր կնոջ ակտիվ հանրային գործունեությունը, ինչպես եք վերաբերվում կանանց ներգրավվածությանը հանրային կյանքում։
-Դուք գիտեք, որ կինը հայկական ընտանիքում եւ՛ մայր է, եւ՛ հենասյուն, ամրության գրավական։ Բայց այս ամենից զատ, մենք չպետք է մոռանանք, որ կանայք ունեն նաեւ երազանքներ եւ շատ հաճախ տղամարդիկ արգելք են հանդիսանում ու փշրում նրանց երազանքները, մինչդեռ պետք է հարգել կանանց, խրախուսել նրանց ներգրավվածությունը հանրային կյանք: Համոզված եմ, որ իսկական հայ տղամարդն այն անձն է, ում կողքին կինն իրեն պաշտպանված ու պահանջարկված է զգում:
Հարաբերություններում ամենակարևորը միմյանց սատարելն ու ապագայի հանդեպ հավատն է։ Ընտանիքը չպետք է խոչընդոտ լինի կնոջ ինքնաարտահայտման և ստեղծարարության համար, կենցաղը չպետք է սահմանափակի կնոջը որպես մարդ եւ քաղաքացի։ Կանայք հանրային կյանք բերում են բարություն եւ հանդուրժողականություն, անմնացորդ, անշահախնդիր նվիրում, հատկանիշներ, որ այսօր չափազանց անհրաժեշտ են աշխարհին եւ Հայաստանին:
Ինչ վերաբերվում է իմ կնոջ ներգրավվածությանը բարեգործական և հանրային ծրագրերում, ապա պետք է ասեմ, որ Նատալյան իր տեսակով երազկոտ, բայց միեւնույն ժամանակ նպատակասլաց կին է: Ես ողջունում եմ իմ տիկնոջ հասարակական եռանդուն գործունեությունը ու հպարտանում նրանով:
Աննա Բարսեղյան