Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել
ՀասարակությունԱդրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, ասել է, որ «տարածաշրջանում կրակի դադարեցումն ապահովվում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ»:
«Ժամանակավորապես «Ադրբեջանի տարածքում» (չակերտները-Խմբ.) տեղակայված ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը: Մենք այս հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում»,-ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ Մակրոնն ասել էր, որ «Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում` նկատելով՝ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է անելիքները շատ են»։
Մակրոնն ընդգծել է, որ ՀՀ֊ի և Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: