Սիրիական բանակը 70 գրոհային է վերացրել՝ դիվերսիոն հարձակումը հետ մղելիս
ՀասարակությունՍիրիացի մեկ զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորում են ստացել Իդլիբ նահանգում դիվերսիոն հարձակման հետևանքով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալին, հարձակումը հետ մղելիս պատասխան կրակով մինչև 70 գրոհային է սպանվել:
«Իդլիբի ապաէսկալացիոն գոտու հարավային մասում գրոհայինների դիվերսիոն խմբավորումը հարձակում է իրականացրել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով՝ Իդլիբի ապաէսկալացիոն գոտում արձանագրվել է 39 կրակահերթ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից: Դրանցից 21-ը եղել է Իդլիբի ուղղությամբ, 12-ը՝ Լաթակիայի, 3-ը՝ Հալեպի, 3-ը՝ Համայի: