«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը մարզերում մեկնարկել է Տավուշից
Քաղաքականություն«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը մարզերում մեկնարկել է Տավուշից։ Այս մասին հայտնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։
«Այսօրվանից մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը հանրապետության մարզերում:
Քարոզարշավի առաջին օրը դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:
Տավուշցիներին առավելապես հետաքրքրել են «Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցումներն ու լուծման առաջարկները՝ կապված մեր երկրի անվտանգության, սահմանամերձ համայնքերի պաշտպանվածության ու հետագա զարգացման, Արցախի հիմնախնդրի լուծման, մեր պետության և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների, գերիների վերադարձման հետ:
Արթուր Վանեցյանը հանդիպման մասնակիցներին անվտանգության ամրապնդման համատեքստում ներկայացրել է նաև իր գլխավորած դաշինքի պատկերացումները ՀՀ զինված ուժերի բարեփոխման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ: