Օգտվում եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից. Սասուն Խաչատրյան
Քաղաքականություն«Վերջին 3 տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը հազվադեպ եմ վարում։ Նա մի քանի ավտոմեքենաներ ունի, բավականին ապահովված տղա է։ Ես շատ քիչ եմ ավտոմեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա։ Առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ, եթե վարելու անհրաժեշտություն է լինում՝ վարում են։ Մեքենայից օգտվում են մի քանի անձինք, այդ թվում և ես»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ խոսելով իր գույքին վերաբերող հարցի մասին։
Նա նշեց, որ տվյալ ավտոմեքենան «Պորշ» մակնիշի է, 2011-2012թ արտադրության է, որը շահագործվել է 2019-2020թթ.-ին, շուկայական արժեքը մոտավորապես 10 մլն դրամ է։
Խաչատրյանն անդրադառնալով բնակարաններին նշեց, որ դրանցից մեկը ձեռք է բերվել հիպոթեքային վարկով, երկրորդը՝ պետական ծրագրի շրջանակներում՝ «ԵՊՀ շրջանավարտներ» ՀԿ-ից, տարբերությունը շուկայական արժեքից մեծ չէ․ «Բնակարանների շուկայական արժեքի մեկ քառակուսին մոտ 800 դոլար էր, իրենք ձեռք են բերել 600 դոլարով՝ պետական ծրագրի շրջանակներում, ընդ որում՝ վարկով»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ 2017թ Սասուն Խաչատրյանի կնոջ բանկային հաշվին կանխիկ մուտք է եղել 2.8 մլն դրամի և 1600 դոլարի չափով գումար, ապա՝ նույն չափով ելք է եղել, սակայն այդ տվյալներն առկա չեն հայտարարագրում, Խաչատրյանը նշեց, որ այդ ընթացքում ՀՀ սահմաններից դուրս էր գտնվում, աղջիկը հրավեր էր ստացել Շեֆիլդի համալսարանից և դեսպանատուն գործերը ներկայացնելու համար անհրաժեշտ է եղել, որ ծնողներից մեկի հաշվեհամարին որոշակի գումար լինի՝ որպես երաշխիք։
Ավելին՝ այստեղ