Աստիճանաբար ակնհայտ են դառնում Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները. Արտակ Զաքարյան
ՔաղաքականությունԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Աստիճանաբար ակնհայտ են դառնում Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները, որոնք վերլուծաբաններից շատերը կարծես թե չեն ցանկանում նկատել: Պարադոքսալ է, բայց այդ փոփոխություններն առայժմ ի վնաս Ռուսաստանի չեն:
1. ԱՄՆ-ը առավելապես կենտրոնանում է իր հիմնական մրցակցի՝ Չինաստանի վրա: ԵՆ-ն՝ ԱՄՆ-ի համար դառնում է ավելի տնտեսական մրցակից, քան դաշնակից: Միևնույն ժամանակ, Չինաստանը, հենց Եվրոպայում ձեռք է բերում նոր ռազմավարական հարթակներ:
2. Եվրամիությունը կորցնում է իր նախկին միասնական բնույթը: Մեծ Բրիտանիան ԵՄ-ին է փաթաթում իր ագրեսիվ աշխարհաքաղաքականությունը, որը հակասության մեջ է մտնում Փարիզի և Բեռլինի շահերի հետ: Այն հիմնականում վերաբերում է ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությանը:
3. Համաեվրոպական քաղաքականության մեջ, Մեծ Բրիտանիան ամրացնում է իր դիրքերը՝ ի հաշիվ Գերմանիայում և Ֆրանսիայում իշխանությունների ժամանակավոր թուլացման (կախված ներքին փոփոխություներից):
4. Լեհաստանը սկսում է “քանդել” Փարիզ-Բեռլին ռազմավարական առանցքը՝ ձգտելով դեպի անգլոսաքսերի նոր միավորմանը:
5. Ռուսաստանն առայժմ կարողանում է կասեցնել հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի ընդլայնումը, իսկ մնացյալ ԵՄ-ին սկսել է "միավորել" Մոսկվա-Մինսկ նոր համագործակցությունը: Այս իրավիճակում, Ուկրաինան և Վրաստանը ստիպված են լինելու ժամանակավորապես ընդունել չեզոք կարգավիճակ (նախկինում դա անվանում էին ֆինլյանդիզացիյա):
6. Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի հետ մեկտեղ, այժմ նաև Թուրքիան է սկսում իր ռիսկային հակաարևմտյան աշխարհաքաղաքական խաղը: Ընդ որում, այն ավելի շատ կհակադրվի Արևմուտքին, քան Ռուսաստանին:
7. ԵՄ-ին՝ սկսզբում “լիբերալ արժեքների”, այնուհետև նաև “կանաչ տնտեսության” շուրջ միավորելու գերմանական ջանքերը, կարծես թե ձախողված են: COVID-19-ի համավարակը ոչ թե միավորեց, այլ բաժանեց Եվրոպան:
8. Եվրոպայի արևելքում, միգրանտների դեմ գոյացող լեհական “պատը” փոխում է նաև Եվրոպայի քաղաքականության արժեքային կողմը. ավելի շատ “կառավարել” իրավիճակը քան զբաղվել “կանաչ” տնտեսությամբ:
Խնդիրն այն է, որ այս ամենի աշխարհաքաղաքական զոհը կարող է դառնալ հենց Եվրոպան՝ ի դեմս ԵՄ-ի: Հիմնական պատճառն այն է, որ ԵՄ-ն դադարել է միասնական կերպով առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը: Իսկ այսպես կոչված “դիկտատորների” դեմ հայտարարված պայքարը, ավելի շատ նման է փոփոխվող աշխարհակարգի դեմքը փրկելու հուսահատ փորձերի:
Շատ բան կախված է, թե ինչպիսի՞ պատասխաններ կունենա Գերմանիայի նոր կառավարությունը Եվրոպային ուղղված իրավիճակային նոր մարտահարավերների համար: Գերմանիան, կարծես դեռ չի կորցրել Եվրոպան կրնկին միավորելու հույսերը: