Նպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման, որպեսզի հետագայում այս կամ այն զիջումը հիմնավորվի «բանակում ստեղծված վիճակով». Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականությունՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քանի զինված ուժերի մեծ թվով սպաներ, գեներալները զանգվածային կերպով տարբեր քրեական գործերի մեջ են ներգրավված՝ «նախկինների» գործով, 44-օրյա պատերազմով, հետպատերազմյան ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրվագներով, բանակի մարտունակության, կարգապահության և բարեփոխումների մասին որևէ սպասելիք չկա։
Ցանկացած փոփոխության, բարեփոխման հիմքում սպայական կազմն է, իսկ նրանցից շատ շատերը ուղղակի ֆիզիկապես հնարավորություն էլ չունեն մասնակցելու զորքերի ամենօրյա կարգացուցակով նախատեսված միջոցառումներին։
Նրանք տարբեր իրավապահ մարմինների քաշքշուկի, որոշ դեպքերում՝ ճնշումների տիրույթում են, իսկ այն սպաներն էլ, ովքեր այդ գործընթացներով չեն անցնում, իրենց մաշկի վրա են զգում ծառայակից ընկերների հաճախակի բացակայության ողջ ծանրությունը։
Նպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման, որպեսզի հետագայում այս կամ այն զիջումը հիմնավորվի «բանակում ստեղծված վիճակով»։