Նիկոլ Փաշինյանը՝ Մարությանի աշխատանքի մասին
Քաղաքականություն2018 թվականից ի վեր շուրջ 50 մլրդ դրամի ֆինանսական տարբեր գործիքներով Երևանի կառավարությունը հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին ոչ այն պատճառով, որ Երևանի ավագանիում մեր թիմն ունեցել է մեծամասնություն, այլ որովհետև մենք կարևորել ենք ինստիտուցիոնալ կայունությունը։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետի երդմնակալության ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին։ 2018 թվականից ինչ իրագործվում է Երևան քաղաքում, դա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, և զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են Երևանում, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում»,- ասաց նա։
«Ինքս ժամանակին եղել եմ Երևանի քաղաքապետի թեկնածու և ամբողջությամբ պատկերացնում եմ, թե ինչպիսի բարձր պատիվ է լինել մայրաքաղաքի ղեկավար։ Շնորհավորում եմ նաև Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է և վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին։ Եկեք արձանագրենք, որ այսօր արդեն ՀՀ 4000 և ավել բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է համայնքի կառավարման նոր մոդել»,- հավելեց վարչապետը։