Ով է փոխարինելու Երևանի ավագանու մանդատը վայր դրած Հայկ Մարությանին
ՔաղաքականությունԵրևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ նշելով, որ քաղաքապետի դիմումը, հավանաբար, արդեն ստորագրվել է:
Հայկ Մարությանի մանդատը կփոխանցվի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նաիրի Փեթակչյանն է։ Վերջինս պատրաստվում է վերցնել մանդատը:
Նաիրի Փեթակչյանը «Քաղաքացիական պայմանագրի» Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ է: Աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն անվստահություն հայտնեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Իսկ նոր քաղաքապետ ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի ժամ տևած հանդիպումից հետո Երևանի ավագանու իշխող խմբակցությունը հայտարարություն տարածեց, մասնավորապես, նշելով, թե «2018-ի Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորած Մարությանը մեկ տարի առաջ լքել է կուսակցությունը և դրանից հետո ծավալված «Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է, որ կուսակցության և ավագանու իշխող խմբակցության հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չի կիսում», ըստ այդմ, «քաղաքական ճգնաժամ է առաջացել», որն էլ «հաղթահարելու համար» քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։