Ընթերցվեց Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը
ՀասարակությունԺողովուրդ ջան, էս ինչ շատ եք։ Գիտեմ՝ ինչու եք շատ, որովհետև գիտեք՝ ինչի համար եք դուրս եկել փողոց։ Այնքան շատ եք, վերջը չի երևում, ձեր ցավը տանեմ։ Մենք երեկ հայտարարել էինք, որ պատրաստվում ենք խաղաղ անհնազանդության միջոցառումները իրականացնել ժամը 12։00-14։00, բայց դուք, սիրելի քաղաքացիներ, ինքնակազմակերպելով առավոտյան ժամը 8։00-ից սկսել էիք, ինչի համար ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքին իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ողջ ժողովրդին ոտքի ենք հանել ու այսօր այստեղից կձևակերպենք սրա հրաժարականի հանրային պահանջը։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ տապալելով բանակցային պրոցեսում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։ Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել։ 2021 թվականի հունիսին խոստացել էր մեկից երկու ամիս անց վերադարձնել մեր գերիներին, բայց չի արել։ Նա իր նախընտրական ծրագրում պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, բայց խաբել է ու հիմա գնում է այլ ճանապարհով։ Երկրում աղքատություն է ու մահ։ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մանդատ մեր պետությունը տանելու նոր զիջումների ու պիտի հրաժարական տա»,- նշեց Սաղաթելյանը՝ ընթերցելով Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջից հատված։