Փաստ է, որ կոռուպցիան մեկընդմիշտ վերացնելու խոստումները չեն իրականացվել. Մանե Թանդիլյան
Հասարակություն«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում ավելի վատ դիրքերում է հայտնվել, և ըստ ուսումնասիրությունների, այս ցուցանիշները շարունակական վատթարացման միտում ունեն։
Փաստ է, որ կոռուպցիան մեկընդմիշտ վերացնելու խոստումները չեն իրականացվել ու հակակոռուպցիոն ռազմավարությունը կա՛մ անարդյունավետ է եղել, կա՛մ պարզապես այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
Փոխարենը՝ մենք շարունակում ենք ականատես լինել պետական խնդրահարույց գնումների, օլիգարխիայի սերտաճման, վիճելի նշանակումների, պաշտոնական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի օրեցօր տարածման։
Առաջին հերթին, մենք՝ քաղաքացիներս պետք է անհանդուրժող լինենք հասարակական այս արատի նկատմամբ, հանրային վերահսկողություն իրականացնենք, և ինքներս պահանջենք ու գործենք այնպես, որ այն նվազի ու դադարի գոյություն ունենալ։
Հակակոռուպցիոն պայքարը բարդ ու երկարատև գործընթաց է, որի ուղղությամբ աշխատանքը պետք է սկսել օր առաջ, գործել իրավական և օրինապահ երկիր ունենալու կամքով ու պատասխանատվությամբ, հասարակական առողջ մթնոլորտը նեղ անձնական շահերից վեր դասելով։
Միևնույն ժամանակ, հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության հիմնական մեխն ու կարևորագույն գործոնը։