Ադրբեջանցիները մտել են Սիսիանի Բնունիս գյուղ, տեղացիները զենքով բրդել, հետ են շպրտել․ մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բնունիս բնակավայր մտած անծանոթ անձինք փորձել են մուտք գործել Արցախից տեղափոխված մի ընտանիքի տուն։ Այս մասին 24News-ին ասաց Բնունիսի նախկին ղեկավար Ալիկ Մկրտչյանը՝ ներկայացնելով իրեն հասած տեղեկությունները։
Մկրտչյանն ասաց, որ հստակ տեղեկություն չունի՝ նրանք ադրբեջանցի՞ են եղել, թե՞ ոչ, սակայն տան բնակիչները տեսնելով, որ անծանոթներ են, դուռը բացելուց հետո փակել են․ «Տունը գյուղի սկզբնամասում է։ Այնտեղ բնակվում է Արցախից տեղափոխված մի ընտանիք։ Անծանոթ անձինք դուռը թակել են, բնակիչը բացել է դուռը։ Հետո որ ընտանիքի անդամները տեսել են անծանոթ մարդիկ են, զենքով բրդել, հետ են շպրտել»։
Բնունիսի բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ չէ առաջին օրը, գիշերը ժամը 5։00-ին։ «Մտել են գյուղ, բայց տուն չեն մտել, վնաս չեն տվել։ Չենք իմանում՝ քանի հոգի են եղել, համապատասխան մարմինները զբաղվում են»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ Նշված տան՝ Գրիշա անունով բնակիչը հրաժարվեց խոսել այս թեմայով։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից այս թեմայով պաշտոնական պատասխան չտրվեց։ ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնել է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
ՊՆ-ն նշել է, որ ձերբակալված զինծառայողի՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկու ադրբեջանցի զինծառայողի անհետ կորելու մասին։
Ըստ ադրբեջանական ՊՆի՝ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։