8 բեռնատար, 6 ջրատար, 8 տրակտոր․ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 24-ին 14։00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 6 ջրատար, 8 տրակտոր։
ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայքային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզների կողմից իրականացվել է օդում աղտոտվածության չափումներ։ Պարզվել է, որ թթվածնի պարունակությունը մթնոլորտում նորմայի սահմաններում է։
Աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքներին առանձնապես խոչընդոտում են աղբավայրի տարածքում առաջացած տորֆանման զանգվածները, որոնց խորությունը տվյալ հատվածներում հասնում է մինչև 10 մետր և ավելի:
Հրդեհաշիջման աշխատանքները տեղ-տեղ իրականացվում են նաև հողածածկման միջոցով:
Ներկա պահին առկա են ծխացող օջախներ։
Նշենք, որ մայիսի 18-ից 24-ը հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 38 մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Երևանի քաղաքապետարանի 56 բեռնատար, 26 տրակտոր, 6 էքսկավատոր և 26 ջրատար: