Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:
Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ:
Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը:
Ավելին՝ այստեղ