Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հարցում. Սերգեյ Կրավցով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պատրաստ է մեթոդական օգնություն տրամադրել Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման գործում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը Երևանում կայացած հայ-ռուսական գիտակրթական ֆորումի շրջանակում։
«Հայաստանում 2-12-րդ դասարաններում ռուսաց լեզու են սովորում։ Մենք պատրաստ ենք մեթոդական օգնություն ցուցաբերել ռուսերենի դասավանդման գործում, ինչպես նաև աջակցել ուսուցիչների որակավորման բարձրացման աշխատանքներին», – ասել է նա։
Կրավցովն ընդգծել է, որ Ռուսաստանի երեք շրջաններում կան դպրոցներ, որտեղ հայոց լեզուն են սովորում: Նա պարզաբանել է, որ դրանք ռուսական դպրոցներ են՝ հայերի կոմպակտ բնակության վայրերում, որտեղ դպրոցականներն ընտրությամբ հայերեն են սովորում։ Այս համատեքստում նա կարևորել է դպրոցականների փոխանակման երկկողմ ծրագրերը:
Նախարարը նշել է, որ հայկական կողմի հետ սերտ համագործակցություն է հաստատվել, և համատեղ ծրագրերը ենթադրում են առաջին հերթին Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստում, դպրոցական փոխանակում, կրթական համակարգում փորձի ուսումնասիրություն:
Կրավցովն ասել է, որ այցելել է Երևանի Պուշկինի անվան դպրոց, որտեղ իրեն տպավորել է թանգարանային ցուցանմուշների ցուցադրությունը: Նա չի բացառում, որ այդ մոտեցումը կարող է կիրառվել նաև ռուսական դպրոցներում: Ռուս պաշտոնյան նշել է, որ դպրոց կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել Ալեքսանդր Սերգեևիչի անունը կրող դպրոցների ֆորումը:
Նշենք, որ ռուսերենով ուսուցումն իրականացվում է Հայաստանի 63 դպրոցներում, որոնցից 33-ը գործում են Երևանում, 30-ը՝ մարզերում: 45 միջնակարգ դպրոցներում (41 պետական, 4 մասնավոր) կան ռուսերենով ուսուցում ստացող դասարաններ։ Միաժամանակ միջպետական համաձայնագրերի հիման վրա գործում են երեք ռուսական դպրոցներ՝ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցը (Քանաքեռ), Գյումրիում ՌԴ ՊՆ թիվ 19 դպրոցը և Արտաշատում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության միջնակարգ դպրոցը: