«Հայաքվեի» դիմումը բավարարվել է. Երեւանի վարչական շրջանների նստավայրերում նրանց տարածք կտրվի
ՀասարակությունԱյսօր Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին և տեղեկացրել, որ ՀՀ Ազգային Ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է:
Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցեն մեկական հանրային ծառայող՝ ամեն վարչական շրջանից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։
Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։
ԿԸՀ-ի կողմից դրական պատասխանից հետո սահմանվում է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը, քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար (50 հազար ստորագրություն)։
Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։