Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում հուլիսի 1-ն տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև։ Դրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթումի-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։
Հունիսի 2-ի չվերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի մոտ 200 ուղևորներ ընկերության հաշվին ավտոբուսներով տեղափոխվել են Բաթումի։
Վրաստանի երկաթուղային ադմինիստրացիան հավաստիացրել է, որ կատարվում է հնարավորինը՝ սողանքի հետևանքները վերացնելու և ուղևորատար փոխադրումները վերականգնելու ուղղությամբ: Երևանից Բաթումի հաջորդ չվերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Չի բացառվում, որ մինչ այդ ուղևորափոխադրումները վերականգնվեն։