Արևի և քամու էլեկտրաէներգիայի մասնաբաժինը մի շարք երկրներում հասել է ռեկորդային մակարդակի
ՀասարակությունԱրևի և քամու էլեկտրաէներգիայի մասնաբաժինը մի շարք երկրներում 2022 թվականի դրությամբ հասել է ռեկորդային մակարդակի։ Աշխարհի բոլոր երկրների մեջ առաջատարն այս առումով զարմանալիորեն Պորտուգալիան է, որտեղ վերականգնվող էներգիայի մասնաբաժինն ընդհանուր էներգետիկ ծավալի մեջ անցած տարվա կտրվածքով հասել է 34,8 %-ի, երկրորդ տեղում Իսպանիան է 33,2 %-ով, իսկ երրորդը՝ Գերմանիան՝ 33,5 %-ով։ Հետ չեն մնում նաև Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան՝ համապատասխանաբար 30,2 և 29 %-ներով։
Ուշագրավ է, որ անցած տարվա կտրվածքով զգալի առաջընթաց են գրանցել նաև Չիլին՝ 26,5 %, Նոր Զելանդիան՝ 26,2 % և Ավստրալիան՝ 23,2 %։ Մի շարք այլ երկրներ, որտեղ բավականին լուրջ զարկ են տալիս արևային էներգիային, դեռևս նման ծավալների չեն հասել։ Միացյալ նահանգներում, օրինակ, անցած տարվա կտրվածքով արևի և քամու էներգիան կազմում է ընդհանուր մասնաբաժնի 14,5 %-ը, Չինաստանում՝ 13,5 % է, Ֆրանսիայում՝ 12,5 %, Բրազիլիայում՝ 16,4 %։
Միջազգային էներգետիկ գործակալության վերջին տվյալներով, վերջին զեկույցում Հայաստանի մասին տեղեկություններ չկան։ Մեր երկիրն իր առջև նպատակ է դրել մինչև 2030 թվականը հասնել 15%-ի, ինչն ընդունենք չափազանց ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով աշխարհի այլ երկրների լրջագույն մասնաբաժինը։ Ի դեպ, Ռուսաստանում 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 0,5%, մեր հարևաններից լավագույն վիճակում գտնվում է Թուրքիան, որտեղ ցուցանիշը հասել է 19,4%-ի։
Այս հանգամանքը վկայում է, որ աշխարհի զարգացած պետությունները հրաշալի հասկանում են արևային և քամու էներգիայի կարևորությունն իրենց էներգետիկ անկախության համար։ Այս առումով չափազանց կարևոր է նաև համապատասխան սարքավորումների արտադրությունը։
Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», և մեր երկրին հարկավոր է լուրջ մոտեցումներ հատկապես արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։
Նունե Մանթաշյան