Արցախը ոչ միայն տուն է, այլև՝ հոգևոր գանձարան․ ոտքով ուխտագնացություն՝ դեպի Աստվածածին եկեղեցի
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը` այսօր, կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Դաշուշենի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ հավատացյալներ Ստեփանակերտից ոտքով շարժվել են դեպի ուխտագնացության վայր: Տեր Հայրը եկեղեցում մատուցեց տոնական Սուրբ Պատարագ, հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։
Այսօր հիշատակվում է Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի մասին, ովքեր բոլորիս համար օրինակ են, թե ինչպես է պետք տնօրինել Հոր կողմից ստացված ժառանգությունը: Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու և անդրադառնալու մեր հոգևոր ժառանգությանը, և միասնական կերպով սատար կանգնելու նախնիներից ժառանգած մեր Մայր Եկեղեցուն և հայրենիքին:
Եվ, ինչպես Տեր Ներսեսը նշեց իր այսօրվա քարոզի մեջ, որ Արցախը ոչ միայն տուն է, այլ նաև հոգևոր գանձարան, որտեղ ամփոփված են հայոց սրբերն ու մեծերը, վանքերն ու եկեղեցիները, սրբությունները, մշակութային և ազգային արժեքները:
Հավարտ Սուրբ Պատարագի ուխտավորներն այցելեցին նաև տեղի «Ս. Սրաբեկ» ուխտավայր, որտեղ անցկացրին հոգևոր զրույց: