Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը: Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բազմաթիվ անձանց երկկողմանի տեղաշարժը: Այս պահի դրությամբ, հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանում սպասում են Արցախ վերադարձին, շտապ և պլանային առողջական հիմքերով 333 անձ հերթագրված է Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվելու համար՝ չհաշված հումանիտար, աշխատանքային և այլ նպատակներով երկկողմանի տեղաշարժի անհրաժեշտությունը հազարավոր անձանց մոտ: Ադրբեջանական կողմը շարունակում է նվաստացուցիչ պայմաններ ստեղծել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետում՝ ի լրումն Արցախի քաղաքացիների նկատմամբ անօրինական հսկողության ու խոչընդոտների: Մասնավորապես, անձանց կամքին հակառակ՝ ադրբեջանցիները և իրենց հրավիրած լրագրողները հերթական անգամ նկարահանել են նրանց դեմքերը և օգտագործել քարոզչական նպատակներով: Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով):