Դավթաշենը նոր շրջանցիկ ճանապարհահատված կունենա. քաղաքապետարան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դավթաշենը կունենան նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այս մասին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից:
Ըստ հաղորդագրության՝ այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին: Դեռեւս խորհրդային տարիներին Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են:
«Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին: Ամեն ինչ անում ենք, որ արդեն այս տարի ճանապարհը շահագործման հանձնվի»,-ասել է վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը:
Ճանապարհի երկարությունը կլինի մոտ 500 մետր, լայնությունը՝ 15-16 մ: Կկառուցվի արտաքին լուսավորության համակարգ՝ ստորգետնյա մալուխներով: Ճանապարհը յուրաքանչյուր ւղղությամբ կունենա երթեւեկելի երկու գոտի:
«Առաջին երթեւեկելի գոտին կունենա 3.5 - 4 մ լայնություն, իսկ 2-րդ գոտին 3 - 3.5 մ լայնություն, նաեւ 2 – 2.5 մ լայնությամբ մայթեր կկառուցվեն»,- ասել է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության ճանապարհների միջին նորոգման եւ հիմնանորոգման ծրագրի պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը:
Թեեւ տարիներ շարունակ խոսվել է տեղում ճանապարհի անցկացման մասին, որոշ բնակիչներ ցանկապատել էին տարածքներն ու, այսպես ասած, «բոստաններ» հիմնել: Շինարարությունից հետո հարակից տարածքն ամբողջությամբ կկանաչապատվի: Վարչական շրջանի ղեկավարի խոսքով տեղում հանգստի նոր գոտի կհիմնվի, կտնկվեն ծառեր:
Նոր ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի զուգահեռ ընթացող կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթեւեկությունը: Բնակիչներն էլ կօգտվեն փողոցով անցնող հանրային տրանսպորտից:
Նախատեսվում է ճանապարհի հարակից տարածքում կառուցել մարզադպրոց:
Ճանապարհաշինական այս ծրագիրը կարեւոր է նաեւ թաղամասի հետագա զարգացման համար: