Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ 100 հազար 632 է, այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ հաշվառվածների թիվը 96 հազար 940 է, ինչը ԼՂ-ից բռնի տեղահանվածների 97 տոկոսն է կազմում:
«Մեզ տվյալներ է փոխանցել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը: Տվյալների համաձայն՝ այս պահին Հայաստանի տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 324 անձ: Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ 8 երեխա»,-ասաց Բաղդասարյանը:
Նրա հավելեց՝ պետական պատվերի շրջանակներում 14 ավագ բուժաշխատողի, 13 միջին բուժաշխատողի տրամադրվել է կրեդիտավորման դասընթացների մասնակցելու ուղեգիր, ինչին հաջորդելու է նաև նրանց համար աշխատանք գտնելու գործընթացը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: