Երևանում տաքսու վարորդի են դանակահարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Գրիգոր Ա.-ն է:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը տաքսու վարորդ է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: