Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում. ախտանշանները նման են միմյանց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում, սակայն հոսպիտալացումների թվի կտրուկ աճ այս պահին չի գրանցվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում: Եվ այս պահին սեզոնային ակտիվացում է»,-ասաց Ավանեսյանը:
Գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են, պակաս չկա: Նախարարը հորդորեց քաղաքացիներին օր առաջ պատվաստվել գրիպի դեմ: «Այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է՝ պատվաստվելու և պաշտպանված լինելու»,-նշեց նա:
Նախարարի խոսքով՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցնելով տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամերին: Պատվաստանյութը եվրոպական արտադրության է, գործում է գրիպի 4 տեսակի շտամերի դեմ:
Այս պահին կորոնավիրուսի շրջանառվող շտամերի փոփոխություն չի նկատվում: «Օմիկրոն շտամն է՝ իր տարբեր ենթաշտամերով: Ախտանշանները բավականին նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդի ցավ, հազ, գլխացավեր: Եվ դժվար է տարբերակել՝ գրի՞պ է, թե՞ կորոնավիրուս, եթե չի արվում թեստավորում»,-ասաց նախարարը:
Այս պահին հոսպիտալացումների կտրուկ աճ չկա: Մոնիթորինգ արվում է: Եթե նախարարությունը նկատի բարձր ակտիվացում, կտեղեկացնի: