Պետությունն ավելի մեծ ծավալով միջոցներ կհատկացնի մշակութային միջավայրերի պայմանների բարեկարգմանը․ ԿԳՄՍ նախարար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի վերաբացման և «Երեք քաղաք՝ Պոլիս, Փարիզ, Երևան. Տիգրան և Զաբել Եսայաններ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը և մշակութասերներ։
Այս տարի հիմնանորոգված թանգարանում նոր ու արդիականացված մշտական ցուցադրությունը համապարփակ ներկայացնում է վրացահայ նկարչի՝ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) հարուստ ժառանգությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թանգարանի բացման կապակցությամբ և ընդգծել․ «Պետությունը շարունակելու է ավելի մեծ ծավալով միջոցներ հատկացնել մշակութային միջավայրերի պայմանները բարեկարգելու, մշակույթը հասարակությանն ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Սա հնարավորույթուն է՝ ծանոթանալու մեր մշակութային գողտրիկ անկյուններին, որտեղ քանի չհասնես, տեղը չես իմանա, բայց մտնելով չես ուզում հեռանալ։ Հայտնվում ես արվեստի ուրիշ աշխարհում, ծանոթանում այն արժեքներին, որոնք՝ որպես մշակույթ, մեզ դարձնում են ավելի լավը»։
ԿԳՄՍ նախարարը բարձր է գնահատել ցուցադրության մտահղացումն ու այն ներկայացնելու ձևաչափը։