Լրահոս
Կարևոր


«Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթին հարգել են թե՛ դպրոցում, թե՛ գյուղում, թե՛ Արմավիրում: Այնպես չէ, որ իմ երեխան է և գովում եմ, շատերն են իրեն ճանաչում, և ուղղակի գովեստի խոսքեր ասել չեմ կարող: Ծառայությունը շատ կոփեց տղայիս, կարծես կյանք տեսած հասուն մարդ լիներ: Դավիթը փոքր տարիքում եղել է շատ խելոք ու համեստ, իհարկե, որպես երեխա՝ իր չարաճճիություններն էլ ուներ: Դպրոցական տարիներին՝ չորրորդից մինչև յոթերորդ դասարան, պարապել է քիքբոքսինգ, ունի բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր, շատ տեղերում մրցումների է մասնակցել: Պետք է մեկներ Վրաստան՝ մասնակցելու աշխարհի առաջնության, բայց ձեռքի վնասվածքի պատճառով բժիշկները թույլ չտվեցին: Այդ պատճառով յոթերորդ դասարանում թողեց սպորտը: Դպրոցական տարիքում ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր, առհասարակ շատ աշխատասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Վահանը:

Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս այնքան պարզ է արտահայտվում: «Խելացի էր, ընդունակ, բայց սովորելու հետ սեր չուներ: Մաթեմատիկայից շատ ուժեղ էր: Ավելի լավ է իրեն ասեիր՝ այս ծանր աշխատանքը պիտի անես, քան մեկ թերթ ինչ-որ բան կարդաս: Ինքն էլ այդպիսին էր: Բայց ուսուցիչները, տնօրենն իրեն շատ էին սիրում: Երբ Արմավիրի թիվ 4 դպրոցի բակում խաչքար տեղադրեցի, տնօրենն այդ օրն ասաց՝ երանի այս խաչքարը չդրվեր, Դավիթն այսօր այստեղ լիներ, Դավիթն ուրիշ էր, տարբերվող»: Դավիթն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, ցանկանում էր հրշեջ-փրկարար դառնալ, տարկետում է ստանում, ուսումը շարունակելու էր զորացրվելուց հետո: Ցանկանում էր նաև ավտոէլեկտրիկի գործը սովորել: «Աշխատասեր էր, ձգտող, մեզ միշտ հպարտանալու առիթներ էր տալիս»,- նշում է հայրիկը:

Դավիթը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ. օգոստոսի 11- ին: Ստեփանակերտում մեկ ամիս «կարանտին» անցկացնելուց հետո նրան տեղափոխում են Եղնիկներ: «Դեռ ժամանակ ուներ զորակոչվելու համար, բայց քանի որ իր բոլոր ընկերներն արդեն մեկնել էին ծառայության, ինքն անհամբեր էր դարձել: Գնացել էր զինկոմիսարիատ, հետաքրքրվել, թե ինչու իրեն էլ չեն տանում ծառայության, ասել էին՝ դեռ վեց ամիս ունես, արձագանքել էր՝ կապ չունի, ես հիմա եմ ուզում գնալ: Ուրախ-ուրախ եկավ տուն, թուղթը տվեց ինձ՝ իմ ծանուցագիրն է, գնում եմ բանակ: Քեֆ-ուրախությամբ Դավիթին ճանապարհեցինք ծառայության: Եղնիկներում կապն այնքան էլ լավը չէր, միշտ ասում էր՝ պա՛պ, մի մեծ քար կա, դրա մոտ պիտի հասնեմ, որ զանգեմ, որ օրը չզանգեմ, ուրեմն անձրև է, վատ եղանակ»: Եկավ սեպտեմբերի 27-ը:

«Դավթի հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 25- ին: Սեպտեմբերի 26-ին չզանգեց, մտածեցինք՝ երևի անձրև է, Դավիթն էլ զգուշացրել էր, որ այդ օրերին չի կարող զանգել: Բայց պատերազմ էր: Երեք ամիս Դավիթից ընդհանրապես լուր չենք ունեցել: Համարներ էին տալիս, որ զանգեմ ու ինչ-որ տեղեկություն իմանամ, հետո պարզում էի, որ դիահերձարաններ եմ զանգել: Չէի կարողանում իրեն գտնել: Ղարաբաղում հեռուստաընկերություններից մեկը նկարահանել էր Դավիթիս: Նա երկու հեռախոսահամար էր տվել լրագրողին՝ Ծովինարին, խնդրել՝ զանգեք ու ծնողներիս ասեք, որ ես լավ եմ: Լրագրողը մեզ զանգահարեց, չէի հավատում, որ Դավիթս է համարը տվել: Ինձ հավաստիացրեց, որ անձամբ խոսել է Դավթի հետ, և ինձ նկարներ ուղարկեց, հետո էլ արդեն հեռուստատեսությամբ ցույց տվեցին կադրերը, որտեղ Դավիթս քահանայի ձեռքում պահված խաչն է համբուրում: Ես անթիվ զանգեր էի ստանում, մարդիկ աչքալուսանք էին տալիս, որ որդիս ողջ է»:

Դեկտեմբերի 22-ին Դավիթն անակնկալ ձևով գալիս է արձակուրդ: «Պատմեց, որ 20 օրից ավելի շրջափակման մեջ է եղել, հետո՝ անտառներում: Շատ բան էր տեսել: Երբ տանը նստած ինքնաթիռի ձայն էր լսում, խուճապի էր մատնվում, ներսում վախ կար: Հետո այնպես ստացվեց, որ ճանապարհը փակվեց, ու ոչ միայն Դավիթը, այլ նաև էլի զինծառայողներ չէին կարողանում վերադառնալ Արցախ: Հրամանատարի հետ զրուցեցինք, ասաց՝ ռազմական ոստիկանություն ներկայացեք, որ հետո խնդիրներ չառաջանան: Այդպես էլ արեցինք: Երեխեքին մեկ օր պահելուց հետո տեղափոխեցին Էջմիածնի ականազերծողների զորամաս, այնտեղ Դավիթս չորս ամիս ծառայեց: Հետո 2021 թ.-ի գարնանը տեղափոխեցին Կապանի Կարմրաքար զորամաս: Այնտեղ ևս Դավիթս հարգանք էր վայելում և՛ ծառայակից ընկերների, և՛ հրամանատարական կազմի կողմից: Իր ընկերները հետո եկան մեր տուն, շատ բաներ պատմեցին, թե ինչպիսի զինվոր էր տղաս, ինչպիսի ընկեր»:

2022 թ.-ի ապրիլին Դավիթը ոչնչացնում է թշնամու մեծ թվով տեխնիկա: «Մայիսի 10- ին նրան խրախուսում են, գալիս է տուն: Հարցրեցի՝ Դավի՛թ ջան, քեզ երկու ամիս է մնացել, որ զորացրվես, ո՞նց են արձակուրդ տվել: «Պա՛պ, խրախուսել են, 18 տեխնիկա եմ խփել»: Մայիսի 16-ին վերադարձավ զորամաս: Մայիսի 15-ի երեկոյան իր ձեռքով բանակի քեֆի ցուցակը գրեց՝ 137 հոգի, «պա՛պ, ցուցակից մարդ չպակասի, ում մոռացել եմ, կզանգեմ, կավելացնես»: Ես էլ կատակեցի՝ մի հարսանիքի մարդ ես կանչել, արի միանգամից նշանդրեքդ էլ անենք. սիրած աղջիկ ուներ: Մայիսի 16-ին իրեն ճանապարհել եմ: Մայիսի 28-ին Դավթին ու տղաներին բարձրացնում են դիրքեր, կարծում եմ, որ իրեն արդեն նշանառության տակ են վերցրած լինում»: Դավիթը զոհվում է մայիսի 28-ին թշնամու արձակած կրակոցից: «Ժամը մեկին ինձ զանգահարեցին ու հայտնեցին, որ Դավիթը վիրավոր է, մինչև հասա Կապան, արդեն կոմայի մեջ էր:

Հիվանդանոցի մոտ էի, գիշերը ժամը երկուսի կողմերն էր, երբ ասացին, որ Դավթի սիրտը կանգ առավ, կոմայից դուրս չեկավ»: Դավթի զոհվելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ծնողները հարցեր ունեն, վստահ են, որ կան մեղավորներ, և նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Նրանց խոսքով, Դավիթին առաջին օգնություն չեն կարողացել ցույց տալ համապատասխան պարագաներ չունենալու պատճառով, պատգարակ չեն ունեցել, և տղաները քնապարկով են իրենց վիրավոր ընկերոջն իջեցրել դիրքերից: Դավիթը շատ արյուն է կորցրել մինչ հիվանդանոց հասնելը: Հայրիկը նշում է՝ որդին ասում էր, որ իրեն հերոսի կոչման են արժանացնելու:

«Ինձ հերոս պետք չէր, ինձ իմ որդին էր պետք, Դավիթս էր պետք, որ աչքերս թաց չապրեի, այլ չոր աչքով ու ժպիտը դեմքիս: Դավիթս լույս էր: Հիմա ուղղակի ապրում ենք: Չենք համակերպվում, ինչո՞ւ պետք է այսպես լիներ: Պատերազմից, շրջափակումից, այդքան փորձություններից պրծավ, որ խաղաղ ժամանակ այսպե՞ս լիներ: Եթե մեր թոռնիկը մեր կողքին չլիներ, հավանաբար մեզ հետ մի բան պատահած կլիներ: Բայց, իհարկե, եթե տասը թոռնիկ էլ ունենանք, որևէ մեկը մեր տղայից մնացած դատարկությունը չի լրացնելու: Իր անբաժան ընկերոջը՝ Մյասնիկին ասել էր՝ սումկես կտաք հորս ու կասեք, որ գալու եմ: Պայուսակն ինձ հասավ, բայց Դավիթս չեկավ...»: Տանը՝ Դավթի անկյունում, նրա անձնական իրերն ու լուսանկարներն են: Հայաստանի բոլոր անկյուններում 5 000-ից ավելի տներում մի անկյունից տան տղան է ժպտում, ավաղ՝ լուսանկարից: Ուզում ես մերժել այն իրականությունը, որտեղ պատերազմ տեսած Դավիթը զոհվում է խաղաղ պայմաններում, բայց կրկին թշնամու կրակոցից:

Հ. Գ.- Դավիթ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արմավիրի մարզի հայրենի Նորապատ գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան