Լրահոս
Կարևոր


«Պապս իմ թևերն էր, ոտքերից զրկվել էի, թևերս էլ կտրեցին ու տարան, բայց նորից ուժ գտանք ու մեր տղային ունեցանք». Պապ Այվազյանը երեք տարուց ավելի է՝ համարվում է անհայտ բացակայող․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Պապն իմ միակն էր»,-ասում է Գարիկը, հետո շարունակում. «2001 թ. օգոստոսի 19-ին ավտովթարի եմ ենթարկվել ու մինչ օրս սայլակով եմ տեղաշարժվում: Վթարից մեկ օր անց՝ օգոստոսի 20-ին ծնվել է Պապը: Դժվարությամբ եմ իրեն մեծացրել, ուսման տվել»: Զրույցների ժամանակ լինում են պահեր, երբ դժվար է զրույցը շարունակել, բայց պետք է: Փրկության է գալիս լուսավորի՝ Պապի մանկության մասին զրույցը: «Շատ լավն էր Պապս, աշխույժ, ակտիվ: Փոքրուց զգացվում էր իր հայրենասիրությունը: Երկու տարեկանից գյուղի փողոցներով անցնելիս անգամ «Դաշնակ Դրո» էր երգում: Բայց դաշնակ բառը չէր կարողանում ճիշտ արտաբերել, ասում էր՝ «ելի՛ր, դաշկա Դրո»»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկությունն է վերհիշում հայրիկը:

Ասում է՝ որդին շատ լավ տիրապետում էր հայոց լեզվին ու գրականությանը: «Դպրոցից հետո ընդունվեց Գյումրիում գործող «Իմպրոռիթմ» արվեստի կենտրոն, սովորեց ժողովրդական երգի բաժնում, ավարտեց: Իրեն խորհուրդ տվեցի ընդունվել Կոնսերվատորիա, հետո նոր զորակոչվել բանակ, բայց չհամաձայնեց՝ բանակից կվերադառնամ, նոր կընդունվեմ, պա՛պ: Երգն էր իր ապագան: Երգել անսահման շատ էր սիրում, կարող էր մտնել տուն ու սկսել երգել, բայց չէր սիրում, որ իրեն ձայնագրում էինք կամ նկարում: Գաղտնի էինք անում»: Պապ Այվազյանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 19-ին: Առաջին վեց ամիսը ծառայել է Էջմիածնի սակրավորների գնդում, հետո տեղափոխվել Ջրական: Այնտեղ էլ որոշում է իր ցանկությամբ ծառայությունը շարունակել հատուկ ջոկատայինների գումարտակում: Նրան տեղափոխում են Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ: Մոտ 20-25 օր հետո սկսվում է պատերազմը:

«Հիշում եմ, որ երբ պետք է զորակոչվեր ծառայության, իմ հայրն ասաց՝ գնամ զինկոմիսարիատ, արտոնություններ կունենաս: Բարկացավ, ասաց՝ ինձ ոչ մի արտոնություն պետք չէ: Իր համար անընդունելի էր այն միտքը, որ իրեն կարող են խղճալ, ես եմ իրեն այդպիսին դաստիարակել: Արիստոկրատի կեցվածք, արտաքին ունի և այդպես էլ ապրում էր: Երբ իր անվամբ հիմա էլ ինձ օգնություն են առաջարկում, մերժում եմ՝ չեմ կարող իր նկարին, իր աչքերին նայել: Պետության աջակցությունն էլ սկսեցինք ստանալ պատերազմից մեկ տարի անց, երբ որոշեցինք, որ մեր տանը կրկին մանկան ճիչ պետք է լսվի»:

Հայրիկն ասում է՝ որդին ծառայության ընթացքից շատ բան չի պատմել: «Աշխույժ էր նաև ծառայության ընթացքում, ռիսկով էր, միշտ վախենում էի դրանից: Բայց նաև զգում էինք, որ գաղափարապես աճում էր, օր օրի հասունանում: Իր՝ դեսանտագրոհային հատուկ գումարտակի հրամանատարի՝ Լեռնիկ Վարդանյանի հետ, որի գտնվելու վայրի մասին ևս տեղեկություններ չկան, լավ հարաբերություններ ուներ: Արցախում միասին շրջել էին, ծանոթացրել էր Ստեփանակերտի հետ: Իրար հանդեպ հարգանք ունեին, դա կարևոր բան է»: Սեպտեմբերի 27-ին Պապը ծառայակից տղաների հետ տագնապով բարձրանում է Մատաղիս-Թալիշ հատվածը:

«Մատաղիսում մի գնդապետ է լինում, որն ասում է՝ բարձրացեք Թալիշի հատվածի մեր պոստ, մերոնք ձեզ կդիմավորեն: Այնտեղ տղաներին 30 տանկ ու մեկ բատալիոն թուրքական հատուկ ջոկատայիններ են դիմավորում: Կադրեր կան, որտեղ երևում է, որ մերոնք մեծ վնաս են հասցրել իրենց տեխնիկային, խփել ԱԹՍ-ները: Հետո մի կերպ դիրքավորվում են երկրորդ գիծ խրամատում, մինչև կեսգիշեր «բոյ» տալիս, բայց շրջափակման մեջ են ընկնում: Սպաներից մեկը հրաման է տալիս, թե՝ ոչ մի կրակոց, որ մեր տեղը չիմանան: Պապը և Գրիգորը, որ նույնպես զոհվել է, հասկանում են, որ օղակը սեղմվում է, պետք է կա՛մ գերի ընկնեն, կա՛մ էլ զոհվեն, զարմանում են չկրակելու հրամանի վրա և ПК-ներով «հնձում» հակառակորդին, որքան հասցնում ու կարողանում են:

Թշնամին ֆիքսում է տղաներին և սկսում տեխնիկան նրանց ուղղությամբ աշխատեցնել, Գրիգորը տեղում զոհվում է, Պապն էլ գլխից և ուսից ծանր վիրավորում է ստանում: Հանդիպել եմ շտաբի պետի, մյուս վաշտի հրամանատարի, իրեն իջեցնող զինծառայողների հետ, նրան մոտ 200 մետր իջեցրել են ու թողել ձորակում: Ասում են՝ իբր վիրավորումն այնքան ծանր էր, որ չէր ապրի, դրա համար որոշել են իրեն այդտեղ թողնել: Բայց նա ահավոր ձայներ է հանել, ճչացել: Վաշտի հրամանատարը գիրք է գրել ու նշել այդ պահը՝ «մթության մեջ թուրքական ջոկատի ծխախոտի լույսերն էին երևում, ու լսվում էր Պապի ահավոր ճչոցը»: Որոնողականի ժամանակ գնացել եմ Արցախ, այն ձորից, որտեղ թողել են Պապին, մասունքներ եմ գտել, բերել Երևան, երկու անգամ ԴՆԹ հետազոտություն արեցինք, բայց չհաստատվեց, որ Պապի մասունքներն են:

Արցախում շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ նրան ասել եմ՝ 1994 թ.-ին զինվոր եմ եղել, մասնակցել Օմարի համար մղվող կռիվներին: Վազգեն Սարգսյանի հրամանն էր, եթե վիրավորին թողնեին մարտի դաշտում, բառիս բուն իմաստով գնդակահարություն էր սպառնում այդ մարդուն: Զոհերի մարմինները՝ հասկացանք, հետո փոխանակում է տեղի ունենում, բայց վիրավորին պետք էր դուրս բերել: Ինձ հակադարձում են, որ Պապը չէր ապրի, կյանքի նշաններ ցույց չէր տալիս, ես էլ արձագանքում եմ՝ բայց դուք եք ասում, որ ահավոր ճչում էր Պապս»: Գարիկի միակ ցանկությունն է, որ որդին գերեզման ունենա: «Հաճախ են կողքից ասում՝ գուցե կենդանի է, արձագանքում եմ՝ եթե այդքան դաժան նորություն լսելուն պատրաստ եմ, բա նման լավ լուր ստանալուն որքան եմ սպասում: Տա Աստված՝ վերադառնա: Նաև ասում են՝ ինչո՞ւ ես տան մեջ Պապի համար հիշատակի անկյուն սարքել: Էլի արձագանքում եմ՝ մի օրվա մեջ նույն անկյունը կդարձնեմ պսակի սենյակ, իրեն էլ կամուսնացնեմ: Ամեն ինչ մարդն է ստեղծում, միայն թե մարդուն ոչինչ չպատահի:

Պապս իմ թևերն էր, ոտքերից զրկվել էի, թևերս էլ կտրեցին ու տարան: Բայց նորից ուժ գտանք մեր մեջ ու մեր տղային ունեցանք: Արտաքին նմանություններ ունեն տղաներս, նաև բնավորությամբ, իրենց աշխուժությամբ են իրար նման: Ուզում էի, որ բնավորության մի գծով, մի ժեստով, շարժուձևով փոքր Պապս նման լինի ավագ եղբորը»: Պապը ծնունդով Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղից է: Հիմա այնտեղ գյուղից զոհված տղաների ծնողների և համայնքի բնակիչների ֆինանսական միջոցներով հուշարձան է կառուցվել: Պապը չունի մեդալներ կամ պատվոգրեր ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունների կողմից: Պաշտոնապես Պապ Այվազյանը համարվում է անհայտ բացակայող, հայրիկը խնդրում է հենց այսպիսի ձևակերպում օգտագործել մեր հերոս տղաների մասին պատմելիս: Ասում է՝ շրջել է այն վայրերում, որտեղ եղել է Պապի կռիվը, համադրել ականատեսների պատմությունները, մարդկանց, որոնք վիրավոր, ցավից ճչացող որդուն իջեցրել են խրամատից և թողել ձորակում: Մի թեթև վարկած էլ ունի, որ գուցե մոտակա դիրքերում հաստատված թշնամին գերեվարել է Պապին, բուժել: Մյուս կողմից՝ վիրավորման ծանրությունը հուշում է, որ Պապը զոհվել է:

Անպատասխան հարցեր կան, իսկ միակ ցանկությունը, որ որդին երեք տարի անց գերեզման ունենա, որտեղ կարողանան այցելել և խնկարկել նրան: Շատ բա՞ն են ուզում 18 տարի իրենց որդուն մեծացրած և սիրով բանակ ճանապարհած ծնողները: Ոչ: Հիմա կասեն, թե պատերազմ էր, ամեն ինչ խառն էր, անհասկանալի, ամեն պատրվակ կբերեն, բայց երբեք չեն պատասխանի կարևոր հարցերին: Ու ծնվեց Պապը, ծնվեց, որ ապրեցնի իր ծնողներին, ուժ տա դիմակայելու ճակատագրի մեծագույն հարվածին: «Փոքր Պապիս մազերից ու մարմնից հոտ եմ քաշում, նույն հոտն է, ինչ ավագ որդունս էր: Մեր կյանքի, մեր ապրելու իմաստը նա է: Միայն առողջություն ենք խնդրում, որ կարողանանք մեր տղային մեծացնել ու իր նպատակներին հասցնել»,-զրույցը եզրափակում է հայրիկը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետ