ՄԱԿ-ը հայտնել է ուկրաինացի փախստականների թիվը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի շուրջ 10 միլիոն բնակիչ փախստական է դարձել։ Այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Զանգվածային շարժում չի եղել իրենց սովորական բնակության վայր վերադառնալու համար։ Մենք մտահոգված ենք, որ պատերազմական դժվարին իրավիճակում վերադառնալը հեշտ չի լինի»,- կիսվել է պաշտոնյան։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ մինչ օրս 6,3 միլիոն մարդ ստիպված է եղել փախչել Ուկրաինայից, իսկ 3,7 միլիոնը՝ երկրի ներսում է փախստական դարձել։
Հանձնակատարը մատնանշել է Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ հետաքրքրության անկումը պաղեստինաիսրայելական հակամարտության վատթարացման և Գազայի հատվածում հումանիտար աղետի ֆոնին: Գրանդին ասել է, որ ներկայիս ֆինանսական աջակցությունը Կիևին բավարար չէ։
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն իր հերթին Facebook սոցիալական ցանցում գրել է, որ երկրի բնակչությունը 10 տարում նվազել է 2,5 անգամ։ Մինչ այս՝ նոյեմբերին, Ազարովը հայտնել էր, որ Ուկրաինայի բնակչությունը վերջին երկու ամսում նվազել է 4 միլիոն մարդով՝ հասնելով 19 միլիոնի։