Բաքուն «անընդունելի է» անվանել Նիդերլանդների ԱԳ նախարարի հայտարարությունները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անընդունելի է անվանել Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Հանկե Բրյուինս Սլոթի հայտարարությունները՝ Ադրբեջանի կողմից վերջերս արված հրապարակային հայտարարությունների վերաբերյալ։
Սլոթը Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասել է, որ Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները մտահոգություն են առաջացնում։
«Ցավոք, հերթական անգամ հոլանդացի պաշտոնյան, բացահայտորեն խեղաթյուրել է ադրբեջանական կողմի հայտարարությունները։ Սա առաջին դեպքը չէ, երբ եվրոպացի պաշտոնյաները նման անպատասխանատու մտքեր են հնչեցնում։ Այս հայտարարությունները, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձեր լինելու հետ մեկտեղ, նաև մեր տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կողմնակալ մոտեցման օրինակ են»,– ասել է Հաջիզադեն։
Մամուլի քարտուղարը նման հայտարարություններն ու Բաքվի դեմ պատժամիջոցների սպառնալիքները համարել է «հարված երկկողմ հարաբերություններին և ԵՄ-ի հետ Ադրբեջանի կապերին»։
«Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ մեր երկիր այցելելու մտադրությանը, ապա նշում ենք, որ Ադրբեջանի կողմից այս այցի հետաձգման մասին հայտնի է։ Ադրբեջանական կողմը հակառակ կողմին ծանուցել է, որ այցի ընթացքում մտադիր չէ քննարկել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները, այլ բացառապես երկկողմ հարաբերությունները»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։