Ինչու չեն բարձրանալու թոշակները. պարզաբանում է նախարարը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում 2024-ին կենսաթոշակները չբարձրացնելու որոշումը պայմանավորված է կառավարության ծախսային առաջնահերթություններով:
Այս մասին ասուլիսում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց՝ այն, որ 2024-ին թոշակները չեն ավելանալու, որոշվել է 2022 թվականին:
«Այդ ժամանակ մենք ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը և գծել ենք այն ճանապարհը, որով մենք բարձրացնելու ենք թոշակները: Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»,-ասաց Հովհաննիսյանը:
Կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար: «Այսինքն՝ եթե մենք հիմա թոշակները բարձրացնենք այնքան, որքան մենք բոլորս երազում ենք, և հետո հանկարծ մի օր չկարողանանք այդ թոշակները չվճարել, շատ մեծ աղետ կլինի մեր երկրի համար: Հետևաբար՝ մենք պետք է շատ զգույշ լինենք»,-ասաց նախարարը:
Հովհաննիսյանը կարևորեց տնտեսական աճի պոտենցիալը բարելավելը, որ կառավարությունն ապագայում կարողանա ավելի մեծ ուժով լուծել սոցիալական խնդիրները:
«Եթե մենք այսօր աշխատանք ու մեծ ուժ չդնենք մեր տնտեսական պոտենցիալը և ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, կխեղդենք ապագայի այն հնարավորությունը, որը կապված է մեր սոցիալական խնդիրները լուծելու հետ՝ ոչ միայն մեր թոշակառուների համար, այլ նաև կրթության, առողջապահության և այլ կարևոր ուղղություններով»,-ասաց նախարարը: