Արթուրը ճիշտ է բողոքարկել, բայց պետական աջակցության կարիք կա. Ռ. Մուրադյան
ՍպորտՆախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ հիշել եք ինձ՝ այս հարցի մեկնաբանման առնչությամբ: Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպի մասին փաստացի պիտի ասեմ, որ թեև չեմ տիրապետում մրցաշարը գնահատող մրցավարների գիտելիքներին, սակայն խոսել եմ աշխարհի տարբեր երկրներում գտնվող և այդ մասնագիտությանը տիրապետող իմ ընկեր մասնագետների հետ: Իրենք միաբերան պնդում են, որ Արթուր Ալեքսանյանն իրավացի է, ճիշտ է և արդարացիորեն է իր բողոքի ձայնը բարձրացնում, որովհետև հանձնաժողովը և մրցավարները սխալ են գնահատել եզրափակիչ մենամարտը:
Այստեղ անարդարացի վերաբերմուբք կա Արթուր Ալեքսանյան մարզիկի հանդեպ, որը, իմ դիտանկյունից, շարունակաբար կրկնվում է: Ինչպես նախորդ օլիմպիական խաղերի ժամանակ եղավ Արթուրի հետ, այնպես էլ՝ հիմա: Երկու դեպքում էլ իմ ընկերները, որոնց հետ ես զրուցել եմ, պնդում են, որ Ալեքսանյանը միանշանակ ճիշտ է: Սակայն ուզում եմ փաստել նաև, որ սա առանձին մարզիկների բարձրաձայնման հարց չէ:
Պետական մակարդակով և համապատասխան կառույցները պիտի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և հասնեն խնդրի արդարացի լուծմանը: Հուսով եմ, որ այդ մարմինները հետևողական կլինեն, և այս անարդարությունը մեր հայ մարզիկի՝ Արթուր Ալեքսանյանի, հանդեպ լուծում կստանա ի օգուրտ Ալեքսանյանի: Նաև մյուս սերունդը օրինակ կվերցնի այստեղից՝ տեսնելով, որ իրենց թիկունքում ուժ կա: