Ռուս զինվորականները ավիահարվածներ են հասցրել Զապորոժիեին. տուժել է 17 մարդ
ՖոտոՍեպտեմբերի 22-ի ուշ երեկոյան ռուս զինվորականները երեք ավիահարված են հասցրել Զապորոժիե քաղաքին եւ եւս չորս հարված Զապորոժիեի շրջանի տարածքին, տեղեկացրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։
Ուկրաինայի ՆԳՆ-ի նախնական տեղեկացմամբ՝ ՌԴ բանակը գնդակոծել է Զապորոժիեն կառավարվող ավիացիոն ռումբերով։
Գնդակոծության հետեւանքով տուժել է 17 մարդ, ներառյալ 15-ամյա մի դեռահաս։ Տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
Քաղաքի կենտրոնում վնասվել են 13 բազմահարկ տներ, ուսումնական հաստատություններ, մեքենաներ, ավտոտնակներ, մասնավոր տներ, ասել է Զապորոժիեի մարզի ռազմական վարչության ղեկավար Իվան Ֆյոդորովը։
Դատախազությունն սկսել է քրեական վարույթի նախաքննություն պատերազմի օրենքների եւ սովորությունների փաստով (Ուկրաինայի ՔՕ 438 հոդված, մաս 1-ին)։