Հնդկաստանի արեւմուտքում կործանվել է Agusta 109 ուղղաթիռը
ՖոտոՄումբայ մեկնող ուղղաթիռը կործանվել է Պունա քաղաքի մոտ։ Այս մասին տեղեկացրել է Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
«Agusta 109 ուղղաթիռը, որը պատկանում էր Heritage Aviation ընկերությանը, կործանվել է։ Ուղղաթիռում էին երկու օդաչուները եւ տեխնիկական աշխատողը։ Ուղեւորներ չեն եղել»,- նշել են վարչությունում։
Ուղղաթիռում գտնվողները բոլորը զոհվել են։ Պատահածի հանգամանքները պարզվում են։ Կործանման նախնական պատճառ է նշվում թանձր մառախուղը։
Heritage Aviation ընկերությունը իրականացնում է թռիչքներ լեռներում, ինչպես նաեւ Հնդկաստանի այլ տեսարժան վայրերում։ Նրա ավիապարկում կան տարբեր տեսակի հինգ ուղղաթիռներ։ Ընկերության ծառայություններից հաճախ օգտվում են Բոլիվուդի աստղերը։