Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար
ՔաղաքականությունԳործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 25 միլիոն դրամ կհատկացվի ՀՀ վարչապետի, նախագահի՝ առաջիկայում նախատեսվող օտարերկրյա պետություններ այցելությունները պատշաճի կազմակերպելու համար։
Վարչապետի, նախագահի օտարերկրյա պետություններ այցելությունների համար պետբյուջեից գումար հատկացնելու որոշումը կառավարությունը հետևյալ կերպ է պարզաբանում։ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, զբաղվում է նաև ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի կազմակերպմամբ։ Վերոնշյալ պաշտոնյաների օտարերկրյա այցելությունների աճով պայմանավորված՝ աճել է նաև պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատաեսված գումարները չեն բավականացրել»։
Կառավարության հիմավորման մեջ նշվում է, որ արտասահմանյան գործուղումների համար նախատեսված 51 միլիոն 64 հազար դրամն ամբողջությամբ սպառվել է և հետագա անխափան աշխատանքային գործունեությունն ապահովելու նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեից պետական արարողակարգի ծառայությանը լրացուցիչ միջոցներ հատկացնել: