Ամստերդամում առնվազն 10 իսրայելցի է տուժել Պաղեստինի կողմնակիցների հարձակման հետևանքով
ՀասարակությունԱմստերդամում ֆուտբոլային խաղից հետո Պաղեստինի կողմնակիցների հարձակման հետևանքով առնվազն 10 իսրայելցի վիրավորվել է, 3-ի հետ չի հաջողվել կապ հաստատել։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Նշվում է, որ իրավապահները չեն կարողացել պաշտպանել զբոսաշրջիկներին, քանի որ նրանց դարանակալել են դիմակավորված խմբերը, որոնք հետապնդել և ծեծել են իսրայելցիներին մարզադաշտից դուրս։
Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է, որ 5 մարդ հոսպիտալացվել է։ Միջադեպից հետո 62 մարդ ձերբակալվել է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Իսրայելի արտգործնախարարությունն Ամստերդամում գտնվող իսրայելցիներին խորհուրդ է տվել չլքել իրենց հյուրանոցները։ Ավելի ուշ այս հանձնարարականները թարմացվել են, գերատեսչությունը հայտնել է, որ իրավապահներ են տեղակայվել, և արդեն ապահով է գնալ օդանավակայան։ Իսրայելցիներին խորհուրդ է տրվել հնարավորինս շուտ վերադառնալ տուն: Երկիրն ավելացրել է չվերթերի թիվն՝ իր քաղաքացիներին տուն հասցնելու համար։
Իսրայելի և Նիդեռլանդների ղեկավարները դատապարտել են «Մակկաբի Թել Ավիվ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա հարձակումները։