2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն
ՔաղաքականությունԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր Ուկրաինային օգնելու համար հատկացված բոլոր միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 182 միլիարդ դոլարը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում։
«2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք լայնամասշտաբ ներխուժում իրականացնելուց ի վեր, ԱՄՆ-ի Կոնգրեսը Կիևին տրամադրել է 182,99 միլիարդ դոլար՝ «Ատլանտյան վճռականություն» գործողության և Ուկրաինային ավելի լայն աջակցություն ցուցաբերելու համար», - ասված է զեկույցում։
Այդ միջոցները հատկացվել են մի շարք դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով:
Հատկացված միջոցների գրեթե երեք քառորդը՝ 131,36 մլրդ դոլար, ուղղվել է ռազմական կարիքներին, որոնք, ինչպես նշված է աուդիտորական եզրակացության մեջ, ավելացել են ամեն տարի։ Այդ գումարից ավելի քան 45 միլիարդ դոլարը հատկացվել է Պենտագոնին՝ Կիևին մատակարարվող սարքավորումները փոխարինելու համար։