Մսավաճառներին բերման են ենթարկել ԳՈՒՄ–ի շուկայից․ ի՞նչ է հայտնի
ՀասարակությունԱյսօր միջադեպ է եղել ԳՈՒՄ–ի շուկայում, մսավաճառները բողոքի ակցիա էին իրականացնում, որից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել մսավաճառներին։ Մսավաճառները նշում էին, որ ՍԱՏՄ աշխատակիցները թույլ չեն տալիս առևտուր անել, և փորձում էին առգրավել միսը, իսկ մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ արեց։
MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ։ Ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։
«Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս 7 անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար»,– նշեցին ՆԳՆ–ից։
Մարիաննա Արամյան