Եթե Անկարան Սիրիայի մասնատման վտանգ տեսնի, անմիջապես անհրաժեշտ քայլեր կձեռնարկի. Էրդողան
ՀասարակությունԹուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայում զարգացումներին: Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ վճռական աջակցություն է հայտնել Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությանը: Նրա խոսքով՝ եթե Անկարան Սիրիայի մասնատման վտանգ տեսնի, անմիջապես անհրաժեշտ քայլեր կձեռնարկի։
«Եթե պահանջվի, մենք կարող ենք մի գիշեր ուղղակի առանց նախազգուշացման հայտնվել: Ով ընտրի ահաբեկչության և բռնության ուղին, կոչնչացվի»,- հավելել է Էրդողանը։
Նա գոհունակություն է հայտնել, որ Սիրիայի նոր վարչակազմը փորձում է կառուցել նոր Սիրիա՝ հիմնված տարածքային ամբողջականության և միասնության վրա:
Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանը, տեղեկացրել, որ 2002 թվականից ի վեր ոլորտային շրջանառությունը հասել է 15,5 միլիարդ դոլարի:
«Մենք մեր ընկերների անվտանգության հովանավորն ենք, բավականաչափ ուժ ունենք՝ կանխելու Թուրքիայի դեմ ցանկացած ոտնձգություն»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Ռեջեփ Էրդողանը հավելել է, որ պաշտպանական արդյունաբերության զարգացման նպատակը ոչ թե պատերազմին նախապատրաստվելը, այլ խաղաղություն ապահովելն է։