Պուտինը ցավակցել է Սի Ծինփինին
ՔաղաքականությունՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին՝ Տիբեթում երկրաշարժի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 7-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանը կիսում է նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին այս տարերային աղետի հետևանքով, ինչպես նաև հույս ունի, որ բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն», - ասել է Պուտինը:
Չինաստանի Տիբեթի ինքնավար մարզում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 95-ի, կա 130 վիրավոր, հայտնում է Xinhua գործակալությունը:
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը առավոտյան ցնցել է Չինաստանի հարավ-արևմտյան հատվածը:
Երկրի ղեկավար Սի Ծինփինը հանձնարարական է տվել՝ պահանջելով առավելագույն ջանքեր գործադրել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Նա նաև հորդորել է ջանքեր գործադրել՝ կանխելու երկրորդական աղետները, պատշաճ կերպով վերաբնակեցնելու տուժած բնակիչներին և արդյունավետ վերացնելու աղետի հետևանքները: