Աշխարհը գլորվում է դեպի «կառավարվող քաոս»․ Լուկաշենկո
ԱպրելակերպԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ միջազգային կարգը գլորվում է դեպի, այսպես կոչված, «կառավարվող քաոս», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Միջազգային կարգը գլորվում է դեպի, այսպես կոչված, «կառավարվող քաոս»։ Ակնհայտ է գլոբալ խաղացողների լավ մտածված եւ բեմականացված գործունեությունը, որը հաճախ ոչ մի բան հաշվի չի առնում, նույնիսկ սեփական ժողովուրդների շահերը»,- այսօր ասել է Լուկաշենկոն տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ «կազմակերպության գործունեությունն իրականացվում է բարդ պայմաններում»։ «Հիմնարար դեֆորմացիաների են ենթարկվում միջազգային հարաբերությունների համակարգը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմները։ Շփումներում ավելի շատ է գերակայում առճակատման հռետորաբանությունը։ Հերթական անգամ աշխարհը կանգնած է սպառազինությունների չվերահսկվող մրցավազքի ծավալման շեմին»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ սրվում են ամենավտանգավոր երեւույթները՝ ուժերի միջազգային կենտրոնների միջեւ ռազմական դիմակայությունները։