Շանթ Սարգսյանը՝ աշխարհի Մ-18 փոխչեմպիոն
ՍպորտՇանթ Սարգսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների փոխչեմպիոն։
Աշխարհի պատանեկան առաջնությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել են օնլայն: Մրցաշարը տեղի է ունեցել 2 փուլով՝ ընտրական և նոկաուտ համակարգով անցկացվող եզրափակիչ։
Ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի շախմատիստները պայքարել են եզրափակիչի 3-ական ուղեգրի համար, իսկ եզրափակիչում նրանց միացել են տվյալ տարիքային խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները։
Մինչև 18 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը Եվրոպայի ընտրական մրցաշարից հասել է մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել է Հնդկաստանը ներկայացնող Նիհալ Սարինին։
Շանթ Սարգսյանը 2019 թվականին ևս դարձել էր աշխարհի մինչև 18 տարեկանների փոխչեմպիոն, փոխանցում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը: