«Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա Ռուբենյան
ՖոտոՄարտի 29-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026»-ը: Մինչ պարզ կդառնա ովքեր են տարվա լավագույնները, Tert.am Life-ի հետ զրույցում նախորդ տարի տարվա լավագույն երգչուհի անվանակարգում հաղթող ճանաչված Սոնա Ռուբենյանը պատմել է հաղթանակի ու զգացողությունների մասին:

«Հաղթանակն առհասարակ մարդու կայնքում շատ մեծ դեր ունի, քանի որ հաղթանակի բերկրանքը միշտ պահում ես քո սրտում։ Կյանքի տարբեր փուլերում ունեցել եմ մեծ ու փոքր հաղթանակներ, և հենց այդ զգացողությունն է ինձ առաջ մղում իմ աշխատանքում»,- մեզ հետ զրույցում ասաց Սոնան:
Երգչուհին խոսելով մրցանակաբաշխության երեկոյի հիշողություններից, նշեց, որ իր անունը լսելն այդ օրվա ամենատպավորիչ հիշողությունն էր.
«Բայց նաև կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել կարմիր գորգը և շարունակել օրը։ Բեմի վրա էլ արդեն շատ զգույշ էի քայլում, որպեսզի կրկին չպոկվեր և չընկնեի»,- մեզ հետ զրույցում պատմեց երգչուհին:

Անդրադառնալով մրցանակաբաշխությունների կարևորության և հայկական երաժշտական դաշտի զարգացման վրա ազդեցությանը, Սոնա Ռուբենյանը նկատեց.
«Բազմիցս ասել եմ ու ցանկանում եմ նորից նշել, որ «Խազեր» մրցանակաբաշխությունը շատ կարևոր դեր ունի հայկական երաժշտական դաշտի զարգացման գործում և այս մրցանակաբաշխության տեղը դատարկ էր, դա ակնհայտ երևում էր։ Ուրախ եմ, որ «Խազեր» մրցանակաբաշխությունն այլևս իրականություն է և ներկայացնում է բացառապես որակյալ երաժշտություն՝ ընդգրկելով բոլոր ժանրերը՝ դասական, ռոք, փոփ, ջազ… և այդ բոլոր ժանրերում ստեղծագործող մարդկանց»:


