Լրահոս
Կարևոր


Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունները, համախառն ներքին արդյունքի մեջ ծառայությունների մեծ բաժնի ազդեցությունը, սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման արդյունքում սպառման ընդլայնումը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները գնաճի և մակրոտնտեսական կայունության համար։ Ահա, այս ամենին է անդրադառնում տնտեսագիտության դոկտոր Ռոլան Մնացականյանը՝ «Փաստ» թերթի համար գրված վերլուծական հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև:

Վերջին տարիներին տնտեսական քաղաքականության շուրջ քննարկումների կենտրոնում հիմնականում հայտնվում են տնտեսական աճի բարձր ցուցանիշները։ Սակայն տնտեսագիտության մեջ կարևոր է ոչ միայն տնտեսական աճի չափը, այլ նաև այդ աճի կառուցվածքն ու կայունությունը։ Տնտեսական աճը կարող է լինել արագ, բայց, միևնույն ժամանակ, ունենալ կառուցվածքային խնդիրներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել տնտեսության կայուն զարգացումը։

Եթե դիտարկենք Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ապա կարելի է նկատել մի կարևոր միտում. երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը ձևավորվում է ծառայությունների ոլորտում, և այն շարունակում է աճել։ Առաջին հայացքից սա կարող է բնական թվալ, քանի որ զարգացած տնտեսություններում ևս ծառայությունների բաժինը մեծ է։ Սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի ծառայությունների մասին է խոսքը։ Զարգացած տնտեսություններում ծառայությունների մեծ բաժինը պայմանավորված է բարձր արտադրողականությամբ ոլորտներով՝ գիտահետազոտական, տեխնոլոգիական, կրթական, ֆինանսական և մասնագիտական ծառայություններով։ Այդ ծառայությունները ստեղծում են բարձր ավելացված արժեք և նպաստում են տնտեսության երկարաժամկետ մրցունակությանը։ Մինչդեռ Հայաստանի դեպքում ծառայությունների ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է մանրածախ և մեծածախ առևտրի ընդլայնմամբ, շինարարության ակտիվությամբ, անշարժ գույքի շուկայի աշխուժացմամբ, ինչպես նաև ֆինանսական և միջնորդային ծառայությունների աճով։ Այս կառուցվածքում տնտեսության աճը հաճախ պայմանավորված է շրջանառության մեծացմամբ, ոչ թե արտադրական կարողությունների իրական ընդլայնմամբ։

Այս պայմաններում սոցիալական քաղաքականության որոշումները նույնպես սկսում են ունենալ կարևոր, սակայն վտանգավոր, մակրոտնտեսական ազդեցություններ։ Վերջին շրջանում կառավարության սոցիալական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը դարձել է կենսաթոշակների և սոցիալական վճարումների բարձրացումը։ Սոցիալական տեսանկյունից այս քայլը հասկանալի է և նպատակ ունի բարելավել բնակչության կյանքի մակարդակը։ Սակայն տնտեսագիտական տեսանկյունից նման որոշումները պետք է գնահատվեն նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների տեսանկյունից։

Կենսաթոշակների բարձրացումը մեծացնում է բնակչության կողմից տնօրինվող եկամուտները և, բնականաբար, բերում է սպառման աճի։ Սակայն այդ սպառման հիմնական մասն ուղղվում է առևտրի և ծառայությունների ոլորտին։ Արդյունքում մեծանում է մանրածախ առևտրաշրջանառությունը, ընդլայնվում է ծառայությունների հատվածը և ուժեղանում է ներքին պահանջարկը։ Սա իր հերթին կարող է ավելի խորացնել և ընդլայնել արդեն գոյություն ունեցող կառուցվածքային միտումը, երբ տնտեսության մեջ մեծանում է սպառման և ծառայությունների բաժինը, մինչդեռ արտադրական ոլորտների զարգացումը նույն արագությամբ տեղի չի ունենում։ Ըստ էության, վերջին տարիներին տեղի է ունեցել ՀՆԱ կառուցվածքի որակական վատացում:

Առավել մտահոգիչն այն է, որ կենսաթոշակների բարձրացման որոշումների դեպքում չի ներկայացվել բավարար գնահատում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս քաղաքականությունն ընթացիկ տարվա գնաճի վրա։ Եթե սպառումն արագ աճում է այնպիսի տնտեսությունում, որտեղ արտադրական առաջարկը սահմանափակ է, ապա առաջանում է պահանջարկի կարճաժամկետ ճնշում գների վրա, իսկ երկարաժամկետում տեղի է ունենում գների ճշգրտում բարձրացման ուղղությամբ։ Սա հատկապես ակնհայտ է այն պայմաններում, երբ սպառվող ապրանքների զգալի մասը ներմուծվում է։ Այդ դեպքում սպառման աճը կարող է հանգեցնել ոչ միայն առևտրաշրջանառության մեծացման, այլ նաև գնաճային ճնշումների հետագա ուժեղացման։ Եթե գնաճը արագանում է, ապա առաջանում է մեկ այլ տնտեսական խնդիր՝ իրական սպառման նվազում։ Թվերով և անվանական արտահայտությամբ բնակչության եկամուտները կարող են աճել, սակայն եթե գներն ավելի արագ են բարձրանում, ապա բնակչության իրական գնողունակությունը կարող է նվազել։ Այս պարագայում սոցիալական քաղաքականության հիմնական նպատակը՝ բնակչության բարեկեցության բարձրացումը, կարող է չեզոքացվել գնաճային ազդեցությունների պատճառով։

Այս գործընթացների վրա ազդում են նաև արտաքին տնտեսական գործոնները։ Հայաստանի տնտեսության համար կարևոր դեր են խաղում արտերկրից եկող դրամական փոխանցումները, որոնք երկար տարիներ հանդիսացել են ներքին սպառման կարևոր աղբյուր։ Երբ փոխանցումներն աճում են, մեծանում է նաև սպառումը, և ակտիվանում է ծառայությունների ոլորտը։ Սակայն նման մոդելը տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի և կախված արտաքին ֆինանսական հոսքերից։

Միաժամանակ, կարևոր դեր ունի նաև փոխարժեքի գործոնը։ Եթե դրամը ուժեղանում է արտաքին հոսքերի ազդեցությամբ, ապա ներմուծվող ապրանքները ժամանակավորապես կարող են էժանանալ, սակայն դա նաև թուլացնում է տեղական արտադրողների մրցունակությունը և խոչընդոտում արտահանման զարգացումը։ Այսպիսով, տնտեսությունը կարող է ավելի շատ հենվել ներմուծման և սպառման վրա, քան արտադրության և արտահանման։

Այս բոլոր գործընթացները միասին կարող են բերել այնպիսի իրավիճակի, երբ տնտեսության աճը հիմնականում ձևավորվում է սպառման, առևտրի և ծառայությունների ընդլայնման հաշվին։ Ինչպես բազմաթիվ անգամ նշել են մասնագետները, տնտեսագիտության մեջ նման մոդելը հաճախ անվանում են սպառման վրա հիմնված աճ։ Այս մոդելում տնտեսական ակտիվությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ աճում են եկամուտները, սոցիալական վճարումները կամ արտաքին ֆինանսական ներհոսքերը։ Սակայն եթե այդ գործոնները թուլանան, տնտեսական աճը կարող է արագ դանդաղել, քանի որ տնտեսության արտադրական հիմքը բավարար չափով չի ընդլայնվել։

Այս պայմաններում առավել կարևոր է դառնում տնտեսական քաղաքականության հավասարակշռվածությունը։ Սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության բարեկեցության բարձրացմանը, սակայն այն պետք է ուղեկցվի նաև արտադրության, արդյունաբերության և արտահանման խթանմամբ։ Հակառակ դեպքում սպառման ընդլայնումը կարող է ժամանակավորապես ակտիվացնել տնտեսությունը, բայց երկարաժամկետ առումով մեծացնել մակրոտնտեսական ռիսկերը և անհաշվեկշռվածությունը։ Եթե տնտեսական աճը շարունակաբար ձևավորվի հիմնականում ծառայությունների և սպառման հաշվին, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է աստիճանաբար հեռանալ արտադրական զարգացման ուղուց և վերածվել հիմնականում ծառայությունների վրա հիմնված տնտեսության։ Տնտեսության կայունության համար կարևոր է, որ աճի աղբյուրները լինեն ոչ միայն սպառումը և ծառայությունները, այլև արտադրությունը, տեխնոլոգիական զարգացումը և արտահանման ընդլայնումը։ Միայն այդ դեպքում տնտեսական աճը կարող է լինել ոչ միայն բարձր, այլ նաև երկարաժամկետ և կայուն։

Այս համատեքստում առաջանում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ինչպիսի՞ն պետք է լինի դրամավարկային քաղաքականության արձագանքը նման զարգացումներին։ Սովորաբար, երբ հարկաբյուջետային քաղաքականությունը մեծացնում է ներքին պահանջարկը, օրինակ՝ սոցիալական վճարումների կամ կենսաթոշակների բարձրացման միջոցով, դա կարող է առաջացնել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Նման իրավիճակներում կարևոր դեր է ունենում Կենտրոնական բանկի գնահատականը և մասնագիտական դիրքորոշումը։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հիմնական առաքելություններից մեկը գների կայունության ապահովումն է։ Այդ պատճառով միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում կենտրոնական բանկերը հաճախ հրապարակային կերպով ներկայացնում են իրենց գնահատականները հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր մակրոտնտեսական հետևանքների վերաբերյալ։ Եթե նման քննարկումները բաց և ինստիտուցիոնալ ձևով տեղի չեն ունենում, ապա կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների միջև բավարար համակարգում չկա։ Մինչդեռ տնտեսական կայունության տեսանկյունից կարևոր է, որ այդ երկու քաղաքականությունները լինեն փոխլրացնող և փոխհամադրված։ Կենտրոնական բանկերի անկախությունը հենց այն պատճառով է կարևոր, որ նրանք կարողանան ազատ և մասնագիտական ձևով գնահատել տնտեսական քաղաքականության տարբեր որոշումների ազդեցությունը գնաճի և մակրոտնտեսական կայունության վրա։

Եթե այդ ինստիտուցիոնալ հավասարակշռությունը թուլանում է, ապա վտանգվում է ոչ միայն դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, այլ նաև տնտեսական համակարգի երկարաժամկետ վստահությունը։ Ստեղծված իրավիճակում գնաճը զսպելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը իր հերթին կարող է անհաշվեկշռվածություն ստեղծել ֆինանսական շուկայում:

Տնտեսագիտական տեսանկյունից այստեղ առաջանում է հակասական իրավիճակ։ Սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման նպատակը բնակչության սպառման հնարավորությունների ընդլայնումն է։ Սակայն, եթե նման քաղաքականությունը իրականացվում է այնպիսի պայմաններում, երբ տնտեսության արտադրական առաջարկը սահմանափակ է և սպառման աճը հիմնականում ուղղվում է ներմուծվող ապրանքներին ու ծառայություններին, ապա այդ նույն քաղաքականությունը կարող է ստեղծել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Այս դեպքում անվանական եկամուտները աճում են, սակայն գնաճի արագացման դեպքում բնակչության իրական գնողունակությունը նվազում է։

Այդ հակասական իրավիճակը առկա է այնպիսի տնտեսության համար, ինչպիսին է Հայաստանը, որտեղ ներքին սպառման զգալի մասը կախված է ներմուծումներից, արտաքին դրամական փոխանցումներից և փոխարժեքի տատանումներից։ Նման տնտեսություններում պահանջարկի արագ աճը շատ արագ կարող է փոխանցվել գների աճին։ Այդ պատճառով տնտեսական քաղաքականության ձևավորման ժամանակ կարևոր է ոչ միայն սոցիալական նպատակների իրականացումը, այլ նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների ամբողջական գնահատումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այն իրավիճակից, երբ սպառումը խթանելու նպատակով իրականացվող քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է հակառակ ազդեցություն ունենալ բնակչության իրական բարեկեցության վրա։ Տնտեսության կայունությունը որոշվում է ոչ թե սպառման արագությամբ, այլ այն հիմքով, որի վրա կառուցվում է այդ սպառումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին