Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան
Այսօր մեծ տվյալների վերլուծությունը, իրական ժամանակում մոնիտորինգն ու գործընթացների ավտոմատացումը դարձել են բիզնեսի արդյունավետության և անվտանգության նոր չափանիշներ։ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), նույնպես թևակոխել է թվային վերափոխման ակտիվ փուլ։ Doing Digital Forum 2026-ին ընդառաջ այս մասին զրուցել ենք ԶՊՄԿ-ի Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովի հետ։
-Հանքարդյունաբերության նման ավանդական ոլորտում «թվային փոխակերպում» ասելով՝ կոնկրետ ի՞նչ փոփոխություններ նկատի ունեք։
-Թվային փոխակերպումը համալիր փոփոխություն է և ազդում է բիզնեսի բոլոր ուղղությունների վրա: Այն ենթադրում է բիզնես գործընթացների կառուցվածքավորում և համապատասխան գործիքների ներդրում: Ֆիզիկական ակտիվներն ու արտադրական օբյեկտները հագեցվում են անհրաժեշտ տեխնոլոգիաներով՝ սենսորներ, կառավարման համակարգեր, և ներդրվում են ՏՏ համակարգեր: Տվյալները հավաքագրվում և վերլուծվում են ձեռնարկության բոլոր գործընթացներում: Այնուհետև այդ տվյալներն օգտագործվում են գործառնությունների օպտիմալացման և կատարողականի հիմնական ցուցանիշների բարելավման համար, ինչպես օրինակ սարքավորումների պարապուրդի ժամանակի կրճատումն է։
-Ինչպե՞ս են տվյալների հավաքագրման և վերլուծության նոր գործիքները փոխում որոշումների կայացման գործընթացը հանքարդյունաբերությունում, և կա՞ն օրինակներ, ըստ որոնց տվյալները նոր խաղի կանոններ են սահմանում բիզնեսի համար։
-Իհարկե, ահա մի քանի հիմնական օրինակներ: Իրադարձությունների և գործառնական պայմանների վերաբերյալ տվյալներն այժմ ստացվում են անմիջապես և իրական ժամանակում: Տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքները հնարավորություն են տալիս մշակել մեծածավալ տվյալներ՝ ստեղծելով հանձնարարականներ և թույլ տալով մոդելավորել արտադրական սցենարները՝ հիմնված տեխնոլոգիական պարամետրերի վրա: Սա նպաստում է արտադրողականության բարձրացման և արտադրական ծախսերի նվազեցման, միևնույն ժամանակ հնարավորություն տալով ստեղծել տվյալների միասնական հավաստի աղբյուր:
-Ձեր փորձով՝ թվայնացումն ինչպե՞ս կարող է օգնել ընկերությանը իրականացնել իր ESG (բնապահպանական և սոցիալական) օրակարգը և արդյո՞ք դա կարող է իրական մրցակցային առավելություն դառնալ։
-Թվայնացման բավարար մակարդակի դեպքում ընկերությունները ձեռք են բերում թափանցիկություն և վերահսկողություն որակական պահանջների ու ստանդարտների համապատասխանության նկատմամբ, ինչպես նաև տարբեր իրադարձություններին ու մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն: Թվայնացումն աջակցում է ESG նպատակների իրագործմանը կոնկրետ չափումների ներդրման միջոցով։ Դա ներառում է աշխատանքի ժամանակ առողջության պահպանման և անվտանգային կարգապահության բարելավումը՝ ուղղված միջադեպերի նվազեցմանն ու բացառմանը, բնապահպանական պարամետրերի մշտադիտարկումը՝ նվազեցնելով արդյունաբերական ռիսկերն ու բարձրացնելով տեղեկատվության թափանցիկությունն ու որոշումների կայացման օպերատիվությունը։
-Առողջության և անվտանգության կառավարման մեջ թվային լուծումների կիրառումը որքանո՞վ է իրականում նվազեցնում ռիսկերը, և ի՞նչ տեխնոլոգիաներ եք համարում ամենաարդյունավետը հենց այս ուղղությամբ։
-Աշխատանքի ժամանակ առողջությունը, անվտանգությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը (HSE) արդյունաբերական ձեռնարկությունների համար համապարփակ և առաջնահերթ ուղղություն են: Իմ կարծիքով՝ HSE-ի շրջանակներում չկան քիչ թե շատ կարևոր ասպեկտներ, օրինակները շատ են, և բոլորն էլ հավասարապես կարևոր են։ Օրինակ՝ բացահանքերում արագության վերահսկման համակարգերը նվազեցնում են միջադեպերի ռիսկը, մինչդեռ վերամշակող գործարանների տեխնոլոգիական պարամետրերի մոնիտորինգի համակարգերը օգնում են կանխել արդյունաբերական վթարները:
-Եթե նշելու լինեք մեկ առանցքային թվային միտում, որը առաջիկա տարիներին կարող է արմատապես փոխել հանքարդյունաբերության ոլորտը, ո՞րը կլինի դա և ինչո՞ւ։
-Հանքարդյունաբերության և վերամշակման ոլորտում կան մի քանի խոստումնալից թվային միտումներ։ Դրանցից որին առաջնահերթություն կտրվի, կախված է կոնկրետ ձեռնարկության ռազմավարությունից: Եթե պետք է առանձնացնել մեկը, ապա դա հանքարդյունաբերական և վերամշակող գործառնություններում կառավարման ինտեգրված, ամբողջական (end-to-end) գործընթացների ներդրումն է։ Օրինակ՝ բարդ, բազմափուլ արտադրական միջավայրում արտադրության և վաճառքի պլանավորումը կարող է կառավարվել որպես մեկ միասնական գործընթաց: Պլանավորման այս ինտեգրված մոտեցումը թույլ է տալիս ընկերություններին ավելի արագ հարմարվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններին:
Doing Digital Forum-ը, որն այս տարի կրում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագիրը, կանցկացվի ապրիլի 8-ին Երևանում՝ Դվին հոլում։
2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։
Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։0